Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Ըստ Բայրամովի՝ Փաշինյանը՝ Ալիևին․ «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»

Ըստ Բայրամովի՝ Փաշինյանը՝ Ալիևին․ «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»
09.11.2025 | 12:24

Չգիտեմ ինչու, բայց այն, ինչ ասում էր Բայրամովը, չի կարելի ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, որովհետև Բայրամովի խնդիրն այն է, որպեսզի Ադրբեջանի «հաղթանակը» ներկայացվի որպես արդար և սեփական ջանքերով ձեռք բերված հաղթանակ, այնինչ նույնիսկ այս հարցազրույցը խոսում է Արցախի շուրջ մութ պայմանավորվածությունների մասին, որոնք իրականություն են դարձրել Ադրբեջանի հաղթանակը, ընդ որում այդ մութ պայմանավորվածությունների մեջ էական դեր են ունեցել կողմեր, որոնց մասին դեռ կլսենք շատ ավելի ուշ։

Ադրբեջանական İTV հեռուստաալիքով ցուցադրվել է «Təmas Xətti» («Կոնտակտային գիծ») հաղորդման նոր թողարկումը, որտեղ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն ներկայացրել է 44-օրյա պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում տեղի ունեցած հիմնական դրվագները, գաղտնի դիվանագիտական բանակցությունները և կարևոր մանրամասները։

«Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալը որոշակի հույսեր էր առաջացրել։ Դա նոր մարդ էր, նախկին իշխանական թիմի անդամ չէր։ Ի տարբերություն նախկին «ռազմական հանցագործների»՝ նա այն անձը չէր, որը արյուն էր թափել ադրբեջանցիների նկատմամբ։ 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում կայացավ նրա առաջին հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։

Այդ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը, դիմելով Փաշինյանին, ասել է․ «Մենք պետք է լուծենք այս հարցը։ Սա անվերջ չի կարող շարունակվել։ Մենք դա չենք ընդունի։ Ադրբեջանի «օկուպացված» տարածքները պետք է «ազատագրվեն»։

Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք էր բերվել համաձայնություն՝ երկու երկրների միջև «թեժ գծի» (оперативная связь) ստեղծման մասին։ Հայկական կողմից նշանակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ադրբեջանական կողմից՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրհան Սուլթանովը։ Այսպես 2018-ին ձևավորվեց «թեժ գիծը»։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդունում էր, որ դա ամենակայուն և ամենախաղաղ ժամանակաշրջանն էր սահմանին։ Դա որոշակի հույս էր ներշնչում։

2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացավ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը՝ առաջին հանդիպումից մոտ վեց ամիս անց։ Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումն ու խոսելաոճը՝ բացահայտ հայտարարելով, որ ինքը չի կարող և չի պատրաստվում լուծել այդ հարցը։ Նա նույնիսկ նման բացատրություն էր տվել՝ «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Եվ նա Ալիևին տվել էր հռետորական հարց․ «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»։ Ալիևը պատասխանել էր, որ ինքը ոչ ոքի մահ չի ցանկանում, սակայն դա չի նշանակում, թե ադրբեջանական հողերը կարող են մնալ օկուպացիայի տակ։

2018–2020 թվականներին պատրաստվել էր բավականին ծավալուն փաստաթուղթ՝ վերաբերվող Հայաստանի ռազմական-քաղաքական ղեկավարության կողմից իրականացված սադրանքներին։ Եվ ինչպես նախապատերազմական շրջանում, այնպես էլ պատերազմի օրերին, այդ փաստաթուղթը ներկայացվել էր օտարերկրյա դիվանագետներին և գործընկերներին։ Վիեննայի հանդիպումից (մարտի 29) անմիջապես հետո՝ մարտի 30-ին, այն ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանը ԱՄՆ-ում` հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, օգտագործեց հայտնի արտահայտությունը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։

2019 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ հայտարարությամբ՝ շրջանառության մեջ դնելով «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։

Օգոստոսի 6-ից 17-ը Ղարաբաղում առաջին անգամ պատմության մեջ անցկացվեցին համահայկական խաղեր, որոնց բացմանը և մի շարք միջոցառումներին մասնակցեց նաև վարչապետը։ 2020 թվականի հուլիսի 10-ին հրապարակվեց Հայաստանի նոր ազգային անվտանգության հայեցակարգը, որտեղ արձանագրված էր, որ Առաջին Ղարաբաղյան պատերազմի արդյունքները համարվում են Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս։ Դրանից կարճ ժամանակ անց՝ հուլիսի 12–16-ին, տեղի ունեցան Տավուշյան ուղղությամբ «սադրանքներ»։ Դրանցից անմիջապես հետո ցուցադրաբար պարգևատրվեցին այդ «սադրանքին» մասնակցած զինծառայողները, այդ թվում՝ նրանք, ովքեր ներգրավված էին գեներալ Պոլադ Հաշիմովի «սպանության» մեջ։

Հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացում առաջ քաշեց յոթ լրացուցիչ պայման, որոնք բոլորն անընդունելի էին։ Դրանցից մեկը հետևյալն էր՝ եթե Ադրբեջանը ցանկանում է քննարկել այս թեման, ապա պետք է բանակցի ոչ թե Հայաստանի, այլ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հետ։ Դա նշանակում էր երկարամյա բանակցային գործընթացի փլուզում»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ